Վարդուհի Խաչատրյանը ժողովրդական, էստրադային, ազգագրական երգերի հեղինակ է: «Սասնա ծռեր» համույթը երգում է նրա «Հայոց կռունկ» երգը, «Արևները» և Գոհար Հովհաննիսյանը` «Քոչարին», հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական անսամբլի կատարմամբ հնչում է «Հայաստան» երգը: Պաշտպանության նախարարության «Զորական» անսամբլը Վարդուհի Խաչատրյանի «Հայ զինվոր» երգը ներկայացնում է տարբեր համերգների ժամանակ, ավելի հաճախ` զորամասերում:
Ասում է, որ իր երգերը ծնվում են ամեն օր: Առաջին հեղինակային սկավառակը` «Սիրո կամուրջները» թողարկել է 2002թ.-ին՝ «Արձագանք» ստուդիայում: Մեկ-երկու տարի է ինչ համագործակցում է սիրված երգիչների ու համույթների հետ: Շուտով Աիդա Սարգսյանը կներկայացնի նրա «Հայի երազը», մոտ օրերս էլի համագործակցություններ են սպասվում այլ երգիչների հետ:
Նրա ստեղծագործությունները ազգային շունչ ունեն: Նկատում է, որ երբեմն ազգային երգ են երգում ` քրդա-թուրքական մեղեդիով, ընդհանուր դաշտը բարձիթողի է, ազգային երգարվեստին քիչ են ուշադրություն դարձնում. «Ես, իհարկե, գոհ եմ, իմ երգերը գնահատվում են, վաստակավոր երգիչները երգում են: Բայց կուզեի լիներ չափորոշիչ, որպեսզի ամեն տեսահոլովակ եթեր չգնար: Այնքան էլ ճիշտ չէ, երբ ամեն օր նույն երգչին ես տեսնում ու լսում` նույն կերպարով, անսյուժե երգերով: Ես բանասեր եմ ու պետք է ասեմ, որ շատ երգերում շարադասական սխալներ կան, ոչ ճիշտ շեշտադրություն: Համբույր բառը, օրինակ, որոշ երգիչներ համբյուր են ասում: Իսկ այն, ինչ հնչում է եթերից, շատ արագ տարածվում է, երեխաներն ընդօրինակում են»:
Վարդուհի Խաչատրյանի խոսքով` երգն, առհասարակ, պետք է ունենա սյուժե, կերպար, բովանդակություն: Երգը հենց այնպես չի ծնվում, ներշնման աղբյուր է լինում: Մեր երկրում արտագաղթողների բանակը մեծանում է, դա է պատճառը, որ շատ է շոշափում հայրենադարձության թեման: Ուզում է, նոր սերունդն ավելին իմանա հայրենիքի մասին, գնահատի այն, ինչ ունենք: Հայ ժամանակակից կոմպոզիտորներից առանձնացնում է Տիգրան Մանսուրյանին, Ռուբերտ Ամրիխանյանին: Նկատում է, որ այսօր խառնածին երգեր ավելի շատ են լսում, ազգայինը մեռնում է, եթե բոլորս արաբական, թուրքական ոճի երգեր գրենք ու մատուցենք, սերունդը գնալով կսիրի դա, երբ աշուղական երգ լսի, կասի` ի՞նչ երգ է սա:
«Դրսում ազգագրական երգերը մեծ պահանջարկ ունեն ու գնահատվում են ինչպես հարկն է: Կարծում եմ, ինչքան էլ արաբա-թուրքական երգեր ծնվեն` անիմաստ բառերով, միևնույնն է, գալու է մի ժամանակ, երբ վերադառնալու ենք մեր ազգային ակունքներին: Մնալու է այն, ինչ հարազատ է հայի հոգուն, մյուսները թիթեռի կյանք են ունենալու»,- եզրահանգում է զրուցակիցս՝ նշելով, որ վեց-ութն ու ռաբիսը պետք է հնչեն ռեստորանում, ոչ թե եթերում: Մինչդեռ, անգամ ոճերն են խառնում, ասում են էստրադա, երգում են ռաբիս:
Խնդիրներ կան ոչ միայն երգարվեստի դաշտում: «Հայաստանում կատարվող ցանկացած երևույթ հղի է պայթունավտանգ, բացասական հետևանքներով,- ասում է զրուցակիցս:- Բացթողումները շատ են կրթական ոլորտում, առողջապահական ոլորտում , ամենուր: Կուզեի նաև ամեն մեկն իր մասնագիտությամբ աշխատեր. հաղորդումներ են վարում դերասանները, երգիչները, որոնք չունեն համապատասխան կրթություն: Բնականաբար, նրանց բառապաշարն աղքատ է, լրագրողական էթիկային չեն տիրապետում: Հաղորդումը վարում են այնպես, ինչպես կվարեին իրենց տանը նստած»:
Երգահանը ծրագրեր շատ ունի: Ամռանը կներկայանա հեղինակային երգով: Առայժմ միայն մեկ տեսահոլովակ ունի, որտեղ «Սիրո անուրջներ» երգը հնչում է իր իսկ կատարմամբ: Ասում է, որ տեսահոլովակը ճանաչում է բերում, բայց միևնույնն է, եթե երգիչը ասելիք չունենա, չի ապրի. «Կային երգիչներ, որ բոլոր հեռուստաալիքներով ցուցադրվում էին, բայց այսօր որևէ մեկին չի հետաքրքում, թե որտե՞ղ են նրանք, ինչո՞ւ չեն երգում: Այսօր համերգներն անցնում են դատարկ դահլիճներում, որովհետև մարդիկ հիասթափված են: Նույն երգերն են, նույն դեմքերը»:
Վարդուհի Խաչատրյանը նպատակ ունի դրսում ներկայացնելու իր երգեր: Մտածում է նաև ժողովածու տպագրելու մասին: Հեղինակ է նաև բանաստեղծությունների, պոեմների, գիտական հոդվածների:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ